Նա ծնվել էր Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքում։ Հայրը ծագումով Սեբաստիայից էր (այժմ՝ Թուրքիայում), իսկ մայրը ծնվել էր Ֆրանսիայում։
Հայրական ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա 1919 թ.՝ Հայոց ցեղասպանության տարիներին։ Ինչպես պատմության մեջ լինում են հազվագյուտ բացառություններ, նրանց ընտանիքին փրկել էր թուրք հարևանը։
Հայոց ցեղասպանության հետևանքով օտար ափերում հայտնված այդ հայ ընտանիքում հետո մեծանալու էր ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆԸ՝ ապագա քաղաքական գործիչը: Նրա նվիրական ջանքերի շնորհիվ էր, որ տարիներ առաջ պատմական արդարության համար պայքարող մեր ժողովուրդը լսեց բոլորիս համար կարևոր ու սպասված հայտարարությունը.
«Ֆրանսիան հրապարկավ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:
Հետագա տարիների ընթացքում Ֆրանսիան ընդունեց նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ իրավաքաղաքական նոր հարթություն տեղափոխելով մեր անժամանցելի իրավունքների համար պայքարը:
Հարկ չկա նշելու, թե ականավոր քաղաքական գործիչն իր կյանքի ընթացքում ինչպիսի բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ Արդյունաբերության լիազորված նախարարից մինչև օրենսդրական գործունեություն: Ինչպես նշում էին Ֆրանսիայի տարբեր ժամանակների նախագահները՝ Պատրիկ Դևեջյանն ինքը մարմնավորեց քաղաքականությունը: Նա ֆրանսիացիների ու հայերի պարծանքներից էր, իսկ թուրքերի համար՝ մշտական գլխացավանք:
Նրան հանդիպելիս թուրք լրագրողները և գործիչները հանդիպում էին իրական պատմությանը, որովհետև նա միակ ֆրանսիացի գործիչն էր, ով Ստամբուլը կոչում էր Կոստանդնուպոլիս՝ ի ցույց դնելով այն պարզ ճշմարտությունը, որ Թուրքիայի և թուրքերի պատմությունը միևնույն բանը չեն, ինչպես եղել է քաղաքակրթություն ստեղծած, դասական ազգերի պարագայում:
Հիշարժան է թուրք լրագրողուհու ՝ Ծիծեռնակաբերդում Պատրիկ Դևեջյանի հետ վարած կարճ հարցազրույցի այս դրվագը. թղթակցուհին փորձեց «խմբագրել» նրա խոսքը.
-ՈՒզում էիք ասել Ստամբու՞լ...
-Ո՛չ, ուզում էի ասել Կոստանդնուպոլի՛ս և ասացի Կոստանդնուպոլի՛ս:
-Այդ քաղաքի անունը Ստամբուլ է:
-Եվ վաղու՞ց...
«Հյուրիեթի» թղթակցուհին շփոթված աջուձախ նայեց՝ գործընկեր լրագրողների աջակցությունը ստանալու հույսով:
Պատրիկ Դևեջյանը ֆրանսիական ժպիտի տակ չկարողացավ քողարկել հայկական բարկությունը.
-Տիկի՛ն, երբ մերոնք ստիպված եղան փախչել այնտեղից, այդ քաղաքը Կոստանդնուպոլիս էր:
Այսպիսին էր Պատրիկ Դևեջյան-առինքնող գործիչը՝ «հարյուր տոկոս հայ և հարյուր տոկոս ֆրանսիացի» փիլիսոփայության կրողն ու այդ գաղափարով ապրող Մարդը:
Նրա շնորհիվ հայ ազգի շահերի շուրջ էին համախմբվում ֆրանսիական քաղաքական էլիտայի ամենաազնիվ ու ամենալայնախոհ գործիչները, որոնք միջազգային կառույցներում սատարել էին թե՛ Արցախին, թե՛ Հայ Դատին: Իսկ հայ ազգի անժամանցելի իրավունքների համար պայքարելու անկոտրում կամքը և այդ պայքարում անպարտելի մնալու հատկությունը նրան, ասես, ուղեկցել էր դեռ ծնված օրից:
1981թ. ՀԱՅ ԴԱՏԻ ու մեր Պատմական արդարության համար պայքարող մահապարտ զինվոր հայորդիները (այդ կառույցի անունը չեմ նշում, բոլորին է հայտնի) Փարիզում գրավեցին թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների: Պատրիկ Դևեջյանը ստանձնեց 4 երիտասարդ հայ զինյալների պաշտպանության գործը՝ հրաժարվելով մասնակցել քաղաքապետի ընտրություններին: Դևեջյանը և նրա թիմը հասան նրան, որ դատարանի նախագահն արգելեց նիստի մասնակիցներին` մեղադրյալներին, ահաբեկիչներ անվանել` պահանջելով կիրառել «կոմբատան» (զինյալ) տերմինը:
Նրա պաշտպանական ճառն արձանագրված է նորագույն պատմության էջերում, որը հիշեցնում է Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հայ ժողովրդի բարեկամ, հասարակական գործիչ ու մարդասեր Յոհան Լեփսիուսի ելույթը, որով հանդես եկավ հոգևորական գործիչը՝ որպես ականատես -վկա և մերկացրեց երիտթուրք ոճրագործներին :
«Չափազանց կարևոր է, որ հասարակությունը հասկանա գործի էությունը, Հայկական հարցի ակունքները: Ահաբեկչությունը և ցեղասպանությունն այն է, ինչն իրականացվել է հայ ժողովրդի դեմ, սակայն մեր դիմաց նստած մարդիկ ահաբեկիչներ չեն, նրանք ահաբեկչության և ցեղասպանության զոհերի սերունդներն են:
Դատավճիռը կայացնելիս չմոռանաք, ամբողջ Ֆրանսիայի հայ համայնքը միակամ է չորս հայ երիտասարդներին, նրանց հետ նստած է մեղադրյալի աթոռին:
Հիշեցե´ք, որ դուք նրանց էլ եք դատում, դատում եք աքսորականների այն երկար քարավանները, որոնց դեգերումներն այսօր, այս սրահում ավարտվեցին: Այսօր, այս սրահում ներկա են բոլոր այն տղամարդիկ, որոնց գանգերը ցիրուցան եղան թուրքական խզակոթի հարվածներից, կանայք, որոնց որովայնները ճեղքվել, աչքերն արցունքներից խամրել Էին, ինչպես նաև երեխաները, որոնց փորերը քաղցից փքվել ու մահացել Էին մայրերի չորացած ստինքները շուրթերի արանքում:
Դուք նրանց բոլորին միանգամից եք դատելու: Նրանց բոլորի ստվերները ուղեկցում են չորս հայ երիտասարդներին, որովհետեւ առանց այդ ստվերների` չորսից ո´չ մեկն այստեղ չէր լինի:
Մի´ շփոթեք զոհերին:
Երեքհազարամյա մի հին ժողովուրդ, շունչը պահած, արդարության է սպասում:
Մի´ զլացեք, հո´ւյս տվեք նրանց, որն այս դեպքում մեղադրյալներին ազատ արձակել է նշանակում», - դատարանի առաջին նիստի ժամանակ ընդգծել է Դևեջյանը:
Ականատեսները վկայել են, որ դատավճռի ընթերցման ժամանակ «Մեղադրյալնե´ր, ոտքի´» բառերի վրա ներկաների մեծ մասը (հայեր էին) ոտքի են կանգնել: Իսկ երբ խոսքը վերաբերել է թուրքական կողմին պատճառված նյութական փոխհատուցում տալու մասին, երգչուհի Ռոզի Արմենը երգել է «Զարթնի´ր, Լաո´» երգը, և նրան միացել են դահլիճի բազմաթիվ ձայներ` այդ թվում նաև Պատրիկ Դևեջյանինը:
2020 թվականի մարտի 28-ին կյանքից հեռացավ Ֆրանսիայի պատմության հզորացմանն իր մեծ ավանդը բերած քաղաքական գործիչը, ով երբեք չէր դավաճանում իր ազգային ակունքներին:
Նա 75 տարեկան էր:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր, և մեկ այլ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմ ընկերը:
Պատրիկ Դևեջյանի դերակատարումը մեծ է եղել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ընդունման և այդ թեմայով տարբեր օրենսդրական նախագծերի շրջանառման մեջ: Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2014թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով։
2007 թվականից նա ղեկավարում էր Ֆրանսիայի ամենամեծ նահանգը՝ Օ’Սենը:
2020 թվականի ճիշտ այս օրը` ապրիլի 1-ին Ֆրանսիայում հրաժեշտ էին տալիս հայկական արմատներով մի նշանավոր պետական այրի, ում կյանքի սկզբունքներից մեկը եղավ այս բանաձևը.
-Ես քաղաքականություն եմ մտել հանուն գաղափարների. ուժն ինձ հաճելի չէ:
Սա, հիրավի, նրա հզորությունն էր։ Եվ նա ամենից առաջ Հայ էր։ Իր մասին ժամանակակից պատմությունը հենց այդպես էլ գրում է` ֆրանսիացի քաղաքական գործիչ` հայկական արմատներով:
Պատրիկ Դևեջյանը մեր հիշողության մեջ հենց այդպիսին էլ կմնա։
Ավագ սերունդը նրան հիշում է իր գործունեության բոլոր դրվագներում։ Իսկ ես նրան ինձ համար բացահայտելու առիթ եմ ունեցել, երբ հետևում էի, թե Ֆրանսիայի Սենատում ինչպես են քննարկվում Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձևերը, և Եվրոպայի ամենահզոր երկրներից մեկի օրենսդիր մարմինը ակնածանքով լսում էր նրա խոսքը, որը հետո դառնում էր վճռորոշ, որպեսզի ընդունվի տվյալ բանաձևը, և հայ ժողովուրդը ևս մեկ քայլով հաստատի պատմական արդարության համար պայքարելու իր վճռականությունը: Շատերը դա պայմանավորում էին Ֆրանսիայի ժողովրդավար պետություն լինելու հետ։
Իսկ ինձ համար հստակ էր մի իրողություն` հայ ժողովուրդն ունի Պատրիկ Դևեջյանի նման արժանավոր հայորդի, ում դավանած գլխավոր գաղափարներից մեկն էլ իր ազգին ծառայելն էր։
Նա հեռացավ կյանքից։ Չհասցրեց տեսնել, թե ինչ գործընթացներ կատարվեցին աշխարհում, չտեսավ Արցախի բռնազավթումը և հայաթափումը, և չէր կարող պատկերացնել, թե մի օր հայ ազգը ստիպված է լինելու Հայ Դատը պաշտպանել սեփական պետությունից, որի ընթացքը տնօրինում է անհայրենիք մի խմբակ:
Հիշում ենք նվիրյալ Հային. Մարդ, ում համար Կոստանդնուպոլիսը երբեք չփոխեց իր պատմական անունը և Ստամբուլ չդարձավ։
Քանի սերնդի աշխատանք ու նվիրում էլ պահանջվի, մեր ազգի պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեր Հայրենիքի սրբազան բեկորները գերի են թշնամուն ու չենք հասել հատուցմանը:
Պատմական Հիշողությունը չի մեռնում:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ